Բոտերոյի «հաստլիկը» կարճ ժամանակով գրավեց երևանցիների ուշադրությունը, և պետք է ասել, որ չհասցրեց տուժել «ընդդիմադիրների» հարձակումներից: Կա՛մ ավելի դիմացկուն էր, կա՛մ պակաս ուշագրավ: «Ժպտացող զինվորներն» էլ մի կարգին աղմուկ չբարձրացրին: Պատառոտվեցին մասամբ ու կորցրին հետաքրքրությունը: Իսկ այ «Մեր հանճարները մեր կողքին են» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում Երևանը զարդարող մեծերին չեն փրկում անգամ վերահսկող տեսախցիկները:
Հիշեցնենք, որ նստարանների վրա տեղադրված Մհեր Մկրտչյանի, Չարենցի, Պարույր Սևակի, Հրանտ Մաթևոսյանի, Տիգրան Պետրոսյանի քանդակներն անմասն չեն մնացել «ոտնձգությունից»:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ, այնուամենայնիվ, չի շտապում դիտավորություն որակել կատարվածը, դժվարանում է հավատալ, որ Նախիջևանի խաչքարերի ոչնչացման դեմ այդպես ընդվզող ժողովուրդը, որ գիտի ինչ է մշակութային ժառանգությունը, կարող է արժեք ներկայացնող որևէ գործի նկատմամբ վանդալիզմի դրսևորում ցուցաբերել:
Գուցե անփութության կամ ուժեղ գրկախառնության պատճառով կոտրվել է Հրանտ Մաթևոսյանի ճկույթը կամ Մհեր Մկրտչյանի ցուցամատը, իսկ ո՞ւր են կորել Գարսևանի կերպարն ամբողջացնող տակառն ու Տիգրան Պետրոսյանի շախմատը: Պետք է խոստովանել, որ մեր հասարակության մեջ կա մի զանգված, որն ունակ է ոտնահարելու ցանկացած արժեք:
«Այդպիսի զանգված բոլոր ժամանակներում է եղել ու ոչ միայն մեզ մոտ: Դա բոլորիս խնդիրն է: ՈՒզում եմ հավատալ, որ այսուհետ և՛ տեսախցիկները կֆիքսեն, և՛ անցորդները կբռնեն նման արաք թույլ տվողի ձեռքը»,- ասաց Արթուր Սարուխանյանը, անդրադառնալով նաև քանդակների լավ կամ վատ լինելու խնդրին:
«Ծրագրի հեղինակներն ի սկզբանե նպատակ չեն ունեցել մայրաքաղաքը հարստացնել մոնումենտալ կոթողներով կամ արվեստի նմուշներով,- ասաց նա:- Դրանք քաղաքի ձևավորման դիզայներական լուծումներ են, նույն հաջողությամբ կարող էին լինել թղթե պատկերներ, որ տեսնում ենք ուրիշ քաղաքներում: Ժամանակավոր են և փոխարինվելու են քաղաքային այլ պատկերազարդումներով»:
Խոսակցություններն առ այն, որ քանդակի պատվերներ ստանում են միշտ նույն` մեկ-երկու քանդակագործները, ավելին` քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդում Մհեր Մկրտչյանի և Չարենցի քանդակները չեն ընդունվել, բայց տեղադրվել են, Արթուր Սարուխանյանը համարում է անհիմն: Քանի որ խոսքը համաժողովրդկան նշանակության կառույցի կամ ստեղծագործության մասին չէ, որ քաղաքապետարանը համապատասխան ընթացակարգ անցկացներ: Քաղաքի ձևավորման մաս կազմող աշխատանքը կարող էին պարզապես պատվիրել այն մասնագետին, որ կհամաձայներ դա անել:
Ինչ որ է: Ծրագիրը հետաքրքիր է նաև զբոսաշրջային առումով, զրուցակցիս կարծիքով` ներկայանալի է դարձնում Երևանը ոչ միայն որպես պատմական 2794-ամյա քաղաք, այլև ժամանակակից քաղաք` ժամանակակից լուծումներով: Չմոռանանք նաև դաստիարակչական նշանակությունը: Երբ փոքրիկ երեխան ծնողի ձեռքը բռնած անցնում է և տեսնում Տիգրան Պետրոսյանին նստարանին հենված, բնականաբար, կհարցնի, թե ով է նա: Հիշեցի փոքրիկ աղջնակին, որ Չարենցի շուրջը պտտվելուց հետո սկսեց քաշել նրա քիթը, մինչև որ նկատողություն ստացավ:
Թե ովքեր են համալրելու կավե քանդակների շարքը, չհաջողվեց պարզել. ծրագրի հեղինակներն ի սկզբանե որոշել են, որ քանդակների հայտնությունն անակնկալ պետք է լինի քաղաքացիների համար: Հայտնի է, սակայն, որ ձմռանը դրանք տեղափոխվելու են:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ